Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Սա մտահոգություն է, որն առկա է յուրաքանչյուր անհատի մեջ»

«Սա մտահոգություն է, որն առկա է յուրաքանչյուր անհատի մեջ»
06.10.2009 | 00:00

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ (ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ)
-Փարիզում հարյուրավոր ֆրանսահայեր ՀՀ նախագահին դիմավորեցին բողոքի ակցիայով։ Ի՞նչ եք կարծում, նախատեսե՞լ էր դա Սերժ Սարգսյանը, և ի՞նչ հետևություններ պետք է անել։
-Կարծում եմ՝ նախագահը շատ ճիշտ վարվեց, որ այսպիսի նախաձեռնություն ծրագրեց, հետո էլ նրա համար սպասելի էր, որ սփյուռքում կհանդիպի այդպիսի ակցիաների, ինչին այսօր ականատես ենք։ Ասել է՝ նախագահի համար դա անակնկալ չէր։ Այդուհանդերձ, իմանալով ու կանխատեսելով սա, Սարգսյանը որոշեց իրագործել իր քայլը։ Սփյուռք է գնացել ոչ թե նրանց թույլտվությունը ստանալու կամ համոզելու, այլ տեղեկացնելու այն քայլերի մասին, որոնք ինքը, որպես երկրի ղեկավար, ցանկանում է իրականացնել։
-Այդ ակցիաներն արձանագրություններում ինչ-որ բան կփոխե՞ն։
-Իմ դիտարկմամբ՝ արձանագրություններում որևիցե բան չի կարող փոփոխության ենթարկվել։ Կա՛մ համատեղ անում ենք այն, ինչ ծրագրված է, կա՛մ չենք անում։ Իհարկե, յուրաքանչյուր որոշում շատ կարևոր է երկրի արտգործնախարարի, նախագահի համար, ովքեր պատասխանատու են արտաքին քաղաքականության հետագա գործողությունները ծրագրելիս։ Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա կարողացել են անել հնարավորինը։ Այնպես չէ, որ իրենք չէին ուզում, սփյուռքը պետք է ճնշեր, որպեսզի նախագահը որոշակի գործողությունների դիմի։ Ամենևին էլ ոչ։ Նախագահն արել է հնարավորը։
-Միայն սփյուռքին իրազեկելու համար արժե՞ր, որ Սերժ Սարգսյանը ծրագրեր այս համահայկական ուղևորությունը։
-Նպատակը ոչ միայն իր քայլերի մասին տեղեկություններ հաղորդելն էր։ Կարծում եմ՝ ամենից առաջ նա ցանկանում էր անձամբ սփյուռքին տեղեկացնել իր գործողությունների մասին, այլ ոչ թե այդ մասին իմանային ԶԼՄ-ներից կամ էմոցիոնալ որևէ հարթությունում։ Անշուշտ, սա նաև ուղերձ է միջազգային հանրությանը։
-Հայաստանում ևս կա ընդդիմախոսների մի զանգված։ «Միջազգային հանրության» կողմից սա ինչպե՞ս է ընկալվելու։
-Այսօր յուրաքանչյուր քաղաքական ուժ արտահայտում է իր տեսակետը, ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի։ Սա վերաբերում է նաև սփյուռքին։ Այն տեսակետը, թե փորձում են տարանջատել սփյուռքի և Հայաստանի մոտեցումներն ու հակադրել իրար, շատ սխալ է։ Բացարձակապես այդպես չէ։ Սփյուռքը ևս միատարր չէ։ Օրինակ, Ֆրանսիայում եթե որոշակի հատված ինչ-որ ակցիա է կազմակերպում, չի նշանակում, որ ֆրանսիական սփյուռքում բոլորն այդպես են մտածում։ Սփյուռքն էլ իր տարակարծություններն ունի այս հարցի առնչությամբ, ինչպես Հայաստանում։ Ընդ որում, այստեղ կարծիքներն անգամ չեն բաժանվում ըստ կուսակցությունների, իշխանության, ընդդիմության, կան անհատներ, որոնք բոլորովին այլ կարծիք ունեն, քան այն քաղաքական ուժը, որին նրանք հարում են։ Այսինքն՝ այս պայքարը սփյուռքի և Հայաստանի միջև չէ։ Սա մտահոգություն է, որն առկա է յուրաքանչյուր անհատի մեջ՝ սկսած երկրի նախագահից։ Գնում ենք քայլերի լուծման, որոնք դարերի ընթացքում կուտակվել են։ Այս սերունդը դրանք լուծելու համար պետք է առաջին քայլն անի։
-Կարծում եք՝ ցանկացած պարագայում արձանագրությունը կստորագրվի՞։
-Այո՛, ինքս էլ եմ ցանկանում, որ այդպես լինի, նախագահն իրականացնի այն, ինչ ծրագրել է։ Իրականացնի առանց շտապողականության, ու մեր հարաբերությունները Թուրքիայի հետ վերջապես գոնե տանելի մակարդակի վրա լինեն։
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ